Հայաստանը պետք է երկիր ներգրավի «մաքուր» արդյունաբերություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա` խոսքն առաջին հերթին հոսքագծերի մասին է:
«Եթե հոսքագծերի մասերը ներկրվեն արտասահմանից, իսկ այստեղ միայն հավաքվեն, ապա շրջակա միջավայրն աղտոտելու մտավախություն չի ծագի», – պարզաբանել է Մակարյանը: Ըստ նրա` քանի որ այդ մասերը ինքներս չպետք է արտադրենք, նման ձեռնարկություններում ներդրումների կարիք շատ չի լինի` 1 - 1,5 միլիոնից ոչ ավելի: «Հարցն այն է, որ նման ապրանքները հազիվ թե հաջողվի արտահանել տրանսպորտային հաղորդակցման հետ կապված դժվարությունների պատճառով: Հետեւաբար, դրանք նախատեսված կլինեն միայն ներքին սպառման համար: Եթե խոսքը միայն մեքենաների մասին է, ապա տարեկան Հայաստան է ներկրվում 20 – 25 հազար մեքենա: Հարց է ծագում, թե դրանց որ մասին կարող է փոխարինել նման արտադրությունը», – ասել է Մակարյանը:
Սակայն նա հավելել է, որ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ապրանքային շուկայի թիկունքում ընկած են այս կամ այն ազդեցիկ անձի շահերը, որոնք կարող են բարդացնել նման ծրագրի իրագործումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























