ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը ռեկտոր Արա Ավետիսյանից պահանջում է իրենից ներողություն խնդրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Մանուկյանը։
«Իրավունք չուներ վիրավորել. Ես իր շրջապատում հայտարարել եմ, պետք է ինքը ինձնից անձամբ ներողություն խնդրի գիտխորհրդում։ Աշխատանքային պայմանագիրը չեմ ստորագրել, մինչեւ ինքը ներողություն չխնդրի, այլապես կդիմեմ դատարան»,- ասաց Էդուարդ Մանուկյանը՝ անդրադառնալով ռեկտոր Արա Ավետիսյանի NEWS.am-ին տված մեկնաբանություններին։
Դասախոսը շեշտեց, որ ինքը շարունակելու է դասավանդել, կատարել իր պարտավորությունները, եւ որեւէ մտահոգություն չունի, որ պայմանագիրը չստորագրելու պատճառով հնարավոր է աշխատավարձ չստանա, «թող պահի իրեն, ես ապահովված մարդ եմ»։
Միեւնույն ժամանակ, Էդուարդ Մանուկյանը շեշտեց, որ ինքը որեւէ ֆինանսական, անձնական խնդիր չունի Արա Ավետիսյանի հետ, «սա շահի հարց չէ, Պոլիտեխնիկի հարցն է, որովհետեւ ամբողջ կոլեկտիվի աշխատավարձը 20-30 տոկոսով նվազեց եւ մեկը պետք է կազմակերպեր այս ամենը»։ Դասախոսի փոխանցմամբ՝ կոլեգաները որոշել են լքել համալսարանը, քանի որ 70 հազար դրամով ընտանիք չեն պահի։ «Անհիմն մարդկանց գործից հանեց, մարդիկ մահացան, ինսուլտ, ինֆարկտ ստացան, մահացան, պահելակերպը գյուղերի կոլխոզի նախագահի պահելակերպ է, ոնց որ ինչ կուզեմ, կանեմ։ Չի կարողանում կազմակերպի, թող գնա»,- ասց Էդուարդ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Առավոտը» գրել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է սկսվել ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ: Այս մասին թերթին տեղեկացրել էր ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց։ Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել: Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը եւս հաստատեց ստորագրահավաքի մասին լուրը, որի նախաձեռնողներից մեկն էլ ինքն է, սակայն հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություններ անել:
«Պարզաբանումներ եղել են, այդ մարդիկ մասնակցել են գիտական խորհրդի նիստին, երեւի լավ չեն հասկացել, նորից կպարզաբանենք: Այդ օրը կպարզվի՝ քանի հոգի են դժգոհ: Ֆիզիկայի ամբիոնի վարիչին նախորդ օրը հրավիրել եմ, ասացի՝ գիտխորհրդում հասկացա, որ դուք, այնուամենայնիվ, ահագին չպարզված հարցեր ունեցաք կամ անհամաձայնություններ, կանչել եմ, բացատրել եմ, ասաց այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան, ինձ համար տարօրինակ է, որ նույնը շարունակվում է կամ ինչեւէ, նորից կպարզաբանենք: Մարդիկ մասնագետ լինելով զբաղված են իրենց մասնագիտությամբ, շատ հարցեր չեն պատկերացնում: Էդվարդ Մանուկյանը գիտեք վատառողջ, հիվանդ մարդ է, կույր, ես չեմ ուզում այդ մասին շատ խոսեմ՝ ինչ պայմաններում է ինքը մնում կամ քանի անգամ է լսարան մտնում»,- մեզ հետ զրույցում ասել էր Արա Ավետիսյանը։





























