Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը մտադիր է այս շաբաթ հրավիրել մամուլի ասուլիս կամ էլ ռեկտորատի ընդլայնված նիստ եւ պարզաբանումներ տալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ավետիսյանը՝ հավելելով, որ «ովքեր ինձ չեն հասկացել, կամ ինչ պարզաբանման կարիք ունեն, կստանան»:
Պոլիտեխնիկի դժգոհ դասախոսները ցանկանում են արհմիության ժողով հրավիրել եւ պարզաբանումներ ստանալ աշխատավարձի ներդրված նոր կարգի մասին:
«Պարզաբանումներ եղել են, այդ մարդիկ մասնակցել են գիտական խորհրդի նիստին, երեւի լավ չեն հասկացել, նորից կպարզաբանենք: Այդ օրը կպարզվի՝ քանի հոգի են դժգոհ: Ֆիզիկայի ամբիոնի վարիչին նախորդ օրը հրավիրել եմ, ասացի՝ գիտխորհրդում հասկացա, որ դուք, այնուամենայնիվ, ահագին չպարզված հարցեր ունեցաք կամ անհամաձայնություններ, կանչել եմ, բացատրել եմ, ասաց այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան, ինձ համար տարօրինակ է, որ նույնը շարունակվում է կամ ինչեւէ, նորից կպարզաբանենք: Մարդիկ մասնագետ լինելով զբաղված են իրենց մասնագիտությամբ, շատ հարցեր չեն պատկերացնում: Էդվարդ Մանուկյանը գիտեք վատառողջ, հիվանդ մարդ է, կույր, ես չեմ ուզում այդ մասին շատ խոսեմ՝ ինչ պայմաններում է ինքը մնում կամ քանի անգամ է լսարան մտնում»,- ասաց Արա Ավետիսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներին դժգոհություններ ներկայացրած անձանց:
Ինչ վերաբերում է խստության, պրոֆեսորադասախոսական անձնակազմը ահուսարսափի մեջ պահելու մասին լուրերին, Արա Ավետիսյանն ասաց, որ «հակառակը իրեն ավելի շատ են ասում, որ ես ավելի բաց եմ, ավելի նուրբ եմ, ուսանողները, աշխատողները իրենց ցանկացած պահին կարող են դիմել, ես ազատ ժամերին շրջում են մասնաշենքում, հանդիպում եմ նրանց հետ, տարօրինակ բաց եմ եւ չարժե, որ այդքան շատ շփում ունենք, բայց ես այն կարծիքին եմ, որ միայն համախոհների հաշվին է, որ այդ մեծ միասնական գործը կարող ենք կարճ ժամկետով եւ որակով անել»: Մյուս կողմից, ռեկտորը կարծիք հայտնեց, որ կարող է նախկին՝ ավելի քիչ կամ վատ կազմակերպված ձեւից, երբ անցում է կատարվում հստակ, ավելի կազմակերպված ձեւի, մարդիկ վախենում են բացահայտել իրենց կերպարը, իրենց տեսակը»:Արա Ավետիսյանը չի կարծում, որ այս ամենը հասնի դասադուլի:
Հիշեցնենք, որ «Առավոտը» գրել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է սկսվել ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ: «Այս մասին երեկ «Առավոտին՚» տեղեկացրեց ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց։ Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել: Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը եւս հաստատեց ստորագրահավաքի մասին լուրը, որի նախաձեռնողներից մեկն էլ ինքն է, սակայն հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություններ անել:
«Առավոտը» կապվեց նաեւ ՀՊՃՀ ռեկտորի հետ: Պարոն Ավետիսյանը հեռախոսով փոխանցեց, որ տեղյակ չէ, թե ինչ ստորագրահավաքի մասին է խոսքը...»,- գրում է «Առավոտը»:





























