Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ղեկավար Վիկտոր Վլասովի հարցազրույցը NEWS.am գործակալությանը.
Ինչպիսի՞ն է դրությունը սահմանին ընդհանուր առմամբ: Տարվա սկզբից քանի՞ անգամ է խախտվել սահմանային ռեժիմն ու քանի սահմանախախտումներ են գրանցվել: Քանի՞ միավոր հրազենային ու սառը զենք է առգրավվել:
Ընդհանուր առմամբ սահմանին տիրող իրավիճակը հանգիստ է, սակայն մենք մշտապես առավել քան ուշադիր ենք ու պատրաստ ենք ամեն պահի, եթե կպահանջի իրավիճակը, գործել սահմանին: 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին ընդունված միջպետական համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները իրավասություններ ունեն պահպանել ՀՀ սահմանը Իրանի ու Թուրքիայի հետ:
Սույն թվականի 9 ամիսների ընթացքում իրենց լիազորությունների կատարման արդյունքում Սահմանային վերահսկողության տարածքում թույլ չեն տրվել պետական սահմանի որեւէ խախտում, ապրանքների մաքսանենգության որեւէ դեպք: Սահմանային հսկողության աշխատակիցները ընթացիկ տարում ձերբակալել են 87 պետական սահմանի խախտողների եւ 20 սահմանային ռեժիմի խախտողների:
«Ագարակի» անցակետում սահմանային վերահսկողության ընթացքում առգրավվել է 58 միավոր սառը զենք ու 60 միավոր սպառազինություն: 2013թ.-ին սահմանային վերահսկողության ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն են տվել 1 մլն 150 հազար մարդու եւ մոտ 60 հազար տրանսպորտային միջոց: Կեղծ փաստաթղթեր են ունեցել մոտ 2000 անձ, որոնցից ավելի քան 500-ին թույլ չի տրվել սահմանն անցնել: Առգրավվել է ավելի քան 1 մլն 700 հազար ռուբլու (ավելի քան 20 մլն դրամ) չափով մաքսանենգ ապրանք:
Կա՞ արդյոք անհրաժեշտություն ավելացնել անձնակազմի թիվը:
Այս պահին անձնակազմի թիվն ավելացնելու կարիք չկա, մենք ձեւավորել ենք պետական սահմանի պաշտպանության ամուր համակարգ՝ տեղաբաշխելով առկա մարդկային ներուժը:
Բազայի նյութատեխնիկական համալրումը կամ արդիականացումը համապատասխանում են արդյո՞ք ժամանակի պահանջներին:
Գոյություն ունեցող ինժեներական կառույցների ու արգելքների ռացիոնալ զարգացման, սահմանի պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու ինժեներական ենթակառուցվածքների հիմնական տարրերի շահագործման ժամկետների երկարացման արդյունքում մեզ հաջողվել է ապահովել անհրաժեշտ պայմաններ պետական սահմանի ներկայիս խախտումների հայտնաբերման համար:
Այսպես, 2012թ.-ին մեր կողմից սահմանային ջոկատներից մեկի տարածքում իրականացվել են ազդանշային նոր համալիրի մոնտաժման, մեկնարկի ու կարգավորման աշխատանքներ: Նման ազդանշային եւս երկու համալիրներ նախատեսում ենք տեղադրել մինչեւ այս տարվա վերջ:
Սահմանապահ ջոկատի Մեղրու հատվածում փորձի համար կիրառվել են ֆոտոթակարդներ, որոնք հաստատվել էին սահմանի երկայնքով, Մեղրի-Ագարակ մայրուղու վրա, որը պետք է գրանցեր սահմանային ռեժիմի ու պետական սահմանի խախտումների դեպքերը:
Ֆոտոթակարդների կիրառումը մեզ թույլ տվեց կանխել պետական սահմանի խախտումների մի քանի դեպք:
Ի՞նչ հարաբերակցությամբ են ՀՀ ու ՌԴ քաղաքացի ծառայողները:
Սահմանապահ վարչության ծառայողների ավելի քան 70 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են:
Ինչպե՞ս են զարգանում փոխհարաբերությունները ՀՀ տեղական իշխանությունների, իրավապահ մարմինների, սահմանապահ զորքերի միջեւ: Խնդիրներ չե՞ն ծագում:
Մի քանի տարիների ընթացքում կազմակերպվել ու բավական բարձր մակարդակի վրա պահպանվում են Սահմանապահ վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության եւ ՀՀ այլ մարմինների ու գերատեսչությունների հետ փոխհարաբերությունները, որոնք իրենց լիազորություններն են իրականացնում պետական սահմանի պաշտպանության բնագավառում: Բոլոր հարցերը կամ խնդիրները, որոնք ծագում են փոխհամագործակցության ընթացքում, մենք համատեղ ու արդյունավետ լուծում ենք:
Առավել սերտ փոխհամագործակցություն է իրականացվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հետ: Հայաստանի Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի վերապատրաստման կենտրոնը այս տարվա սկզբից համատեղ ուսուցում է կազմակերպում սամանապահ վարչության ստորաբաժանումների վերահսկիչ կազմի որակավորման բարձրացման եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ու սահմանային վարչության ստորաբաժանումների կինոլոգների հետ դասընթացների ժամանակ:
Խնդրում եմ, մի փոքր պատմեք կինոլոգների ծառայության մասին: Հայաստանում կան արդյո՞ք շան կացարանններ, թե՞ շներին բերում են արտասահմանից: Ընդհանուր առմամբ քանի՞ շուն կա:
Սահմանապահի հավատարիմ բարեկամը նրա շունն է: Երկար տարիների ընթացքում նա արդեն ապացուցել է իր հավատարմությունը: Այս պահին Սահմանապահ վարչություն կա 150 շուն: Այս տարվա ընթացքում սահմանապահ զորամասերի համակարգեցման ժամանակ ձեռք են բերվել 28 ծառայողական շներ: Հիմնականում մենք լավ ծագում ունեցող ու վարժեցված շների ձագերին ձեռք ենք բերում հատուկ կինոլոգիական ակումբներից, բուծարաններից: Դրանց հատուկ պատվիրում են Ռուսաստանից: Կինոլոգների ու նրանց շների նախապատրասման համակարգի կատարելագործման համար ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ ՍԶ ուսումնեկանա կենտրոնում որակավորման բարձրացման համատեղ դասընթացներ են կազմակերպվում:
Սահմանապահ զորամասերում անց են կացվում լավագույն կինոլոգի տիտղոսի մրցույթներ: Հաղթող կինոլոգները մասնակցում են Խորհրդային Միության հերոս Ն.Ֆ. Կարացուպայի անվան մրցարշավին:
Հանդիպու՞մ են անասունների սահմանն անցնելու դեպքեր: Մի քանի տարի առաջ խնդիրը բավական արդիական էր, ավարտվե՞լ է հայ-թուրքական սահմանին տեղի ոնեցած միջադեպի հետաքննությունը, որի հետեւանքով հովիվ էր զոհվել:
Ընթացող տարում գրանցվել էր սահմանի խախտման 25 դեպք, որոնք պայամանավորված էին անասունների արածեցման հետ պետական սահմանի երկայնքով. Նման դեպքերը բնորոշ են միայն հայ-թուրքական սահմանին:
Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 31-ին սահմանին տեղի էր ունեցել դեպք, որի հետեւանքով սահմանախախտը զոհվել էր: Այս պահին հետաքննությունը դեռ ավարտված չէ: Սակայն, չնայած դրան, այս փաստի առթիվ ստուգումներ անցկացնող իրավասու մարմինները հաստատել են Սահմանապահ վարչության ծառայողների կողմից զենքի կիրառման իրավաչափությունը:
Ընդհանուր առմամբ որքանո՞վ սուր է դրված Հայաստանում թմրանյութի տարանցիկ վաճառքի խնդիրը:
Սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից անցակետերում հայտնաբերվել է թմրանյութերի անօրինական տեղափոխման 9 դեպք: Հավելեմ, որ հոկտեմբերի 1-4-ը Հայաստանի տարածքում անցկացվել էր «Կովկաս կանալ» հակաթմրանյութային գործողությունը, որի արդյունքում իրապես նվազել է զանազան հանցավոր խմբերի կամ մասնավոր անձնանց կողմից Հայաստանի տարածքում անօրինական գործունեության ծավալման ակտիվությունը:
Բացի այդ, գործողության արդյունքը կարելի է համարել Սահմանապահ վարչության ու Հայաստանի իրավապահ մարմինների միջեւ փոխազդեցության ու համագործակցության նոր, ավելի որակյալ մակարդակի ապահովումը:
Հարկ է նշել, որ միայն բոլոր շահագրգիռ կողմերի ու գերատեսչությունների սերտ համագործակցության դեպքում է այսօր հնարավոր արժանի կերպով հակազդել թմրանյութերի վաճառքի հանցավորության դեմ, այդ թվում նաեւ Հայաստանի տարածքում:
Ի՞նչ հարաբերություններ ունեն տեղի բնակիչները ռուս սահմանապահների հետ, օգնում է արդյո՞ք դա Ձեզ ծառայության ընթացքում:
Տեղի բնակիչների հետ սահմանապահները ունեն բավական լավ, բարեկամական հարաբերություններ, որոնք կառուցված են փոխըմբռնման ու համագործակցության սկզբունքների հիման վրա: Մարդիկ գիտեն, որ մենք այստեղ ենք իրենց անվտանգությունն ու հանգստությունը ապահովելու համար, ուստի օգնում են մեզ, շատ հարցերում ընդառաջում:
Հարկ է նշել, որ Հայաստանի ամեն սահմանամերձ բնակավայրում ստեղծվել են տեղի բնակիչների հետ համագործակցության խմբեր: Նրանք մեզ օգնում են որոնողական աշխատանքներում, երբեմն ձերբակալում են սահմանախախտներին: Արմավիրի ջոկատի տեղի բնակիչները ձերբակալել էին պետական սահմանը խախտողին:
Հասկանալի է, որ սահմանապահի գործը դժվարին է: Եթե կարելի է, մի փոքր մանրամասնեք հայրենիքից հեռու ծառայելու առանձնահատկությունները:
Սահամանապահը հատուկ կոփում ունեցող մարդ է: Նա մշտապես պետք է պատրաստ լինի ամեն տեսակ իրավիճակի, որոնք կարող են տեղի ունենալ սահմանին, ուստի նա ամեն օր փորձում է կատարելագործել իր վարպետությունը:
Իսկ հայրենիքից հեռու գտնվելը չի ազդում սահմանապահի ծառայության վրա, նրա համար հայրենիքն այստեղ է սկսվում: Ավելին, ինչպես արդեն նշեցի անձնակազմի 70 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ նրանց համար առաջին հերթին սահմանի պաշտպանությունը իրենց երկրի ու իրենց հարազատների պաշտպանությունն է:
Զրուցեց Մարիամ Լեւինան





























