Ներկայումս Հայաստանի ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայությունում ծառայում է հատուկ վարժեցված 150 շուն: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

Ըստ նրա՝ այս տարի գնել են 28 ծառայողական շուն: «Հիմնականում մենք շան ձագեր ենք ձեռք բերում հատուկ կինոլոգիական ակումբներից եւ շնաբուծարանններից, դրանք լավ ցեղատեսակի եւ վարժեցման տեսանկյունից ընդունակ շներ են: Անցակետերում աշխատանքի համար շները հատուկ պատվիրվում են Ռուսաստանից: Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության ուսումնական կենտրոնում կինոլոգների եւ նրանց շների  պատրաստման համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ-ի Սահմանապահ ծառայության ստորաբաժանումների եւ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կինոլոգների համատեղ ուսումնական գործընթաց է իրականացվում», - նշել է Վիկտոր Վլասովը:

Ամեն տարի սահմանապահ ջոկատներում մրցումներ են կազմակերպվում՝ սահմանապահ ջոկատի լավագույն կինոլոգ կոչման համար:  Հաղթող կինոլոգները մասնակցում են  Սահմանապահ ծառայության լավագույն կինոլոգ մրցույթին՝ խորհրդային միության հերոս Ն. Ֆ. Կարացուպի անվան մրցանակի համար: