Վանաձորում սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից 36-ամյա Դավիթ Մայիլյանը, ոչ պարտքեր է ունեցել, ոչ էլ երբեւե թեկուզ տանը կարտ է ձեռքը վերցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը:
Նրա խոսքով, ինքը Ռուսաստանում հիմնարկություն ունի, իսկ որդին էլ այստեղ էր աշխատում եւ իրենք ֆինասական խնդիրներ չունեն: «Դա ինձ համար առեղծված է, որը մինչեւ հիմա չեմ կարողանում պարզել: Ինքը իդեալական անձնավորություն էր եւ նույնիսկ տունը կարտ չէր խաղում: Ազարտից հեռու էր»,- հիշեց Դավիթի հայրը:
Նա նաեւ պատմեց, որ որդու գործընկերները նկատել են, թե նա վերջին օրերին մտահոգ է եղել, սակայն տանը ոչինչ չեն զգացել: Ռոբերտ Մայիլյանը կատարվածը չի կարողանում նաեւ կապել որդու գործունեության հետ՝ հիմնավորելով. «Իր աշխատանքային գործընկերները նույնիսկ վարչության պետը ասաց, որ նա իդեալական աշխատող է, իդեալական անձնավորություն է եղել»:
Հարցին, հնարավոր է քննության վերջում պարզվի, որ կատարվածը ամենեւին էլ ինքնասպանություն չէ, ոստիկանի հայրն ասաց. «Եթե ինձ համար կատարվածը առեղծված է, հնարավոր է՝ քննության վերջում ամեն ինչ էլ լինի: Քննության ընթացք ինքը ցույց կտա, որքան ինձ համար է առեղծված, այնքան էլ իրավապահների»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավորապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:





























