ՀՀ ՊՆ N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա  Արման  Իսրայելյանը սափրիչի ածելիով վնասել է իրեն, որպեսզի խուսափի ծառայությունից: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

19-ամյա Արման Ջիվանի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով բժիշկների դինամիկ հսկողության տակ գնդի բուժկետում, 2013թ. հունիսի 22-ին, ժամը 17-ի սահմաններում, բուժկետի զուգարանում իր մոտ եղած «Ջիլեթ»  տեսակի սափրիչի ածելիով ձախ նախաբազկին պատճառել է մակերեսային կտրած վերքերի ձեւով մարմնական վնասվածքներ: Դա հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, մասնավորապես` անդամախեղելուց հետո ուղեգրվել եւ մինչեւ 2013թ. հուլիսի 12-ը ստացիոնար բուժում է ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի հոգեբուժական բաժանմունքում,ինչից հետո լավացումով դուրս է գրվել եւ տեղափոխվել զորամաս:

Քրեական գործ է հարուցվել  363   հոդվածի  1-ին մասով` զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Սույն հոդվածը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3  ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: