Աբովյանում 27-ամյա Դավիթ Պապյանը վնասել է նախկին զոքանջին եւ ծեծել կնոջը: Սակայն նախկին կինն էլ ծեծի է ենթարկել Դավիթ Պապյանին: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Դավիթ Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին ժամը 12:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում իր երեխային տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում անզգուշությամբ հրել է Ի.Նշանյանին, ինչի հետեւանքով վերջինս ընկել է գետնին: Ավելին` ստացել առողջության միջին ծանրության վնաս: Բացի այդ, ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Մարիաննա Ռաֆայելի Պապյանին` նրա պատճառելով՝ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Քրեական գործ է հարուցվել 121 հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 118 հոդվածով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
24-ամյա Մարիաննա Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին ժամը 12:30-ի սահմաններում իր՝ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում նախկին ամուսին Դավիթ Թովմասի Պապյանի կողմից իրենց երեխային տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բռնի գործողություններ է կատարել Դ.Պապյանի նկատմամբ, այն է ճանկռել է վերջինիս դեմքի ձախ կեսի եւ ձախից քթի, պարանոցի աջ եւ ձախ կեսերի կողմնային մակերեսները` պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքների ձեւով մարմնական վնասվածքներ: Մարիաննա Պապյանի դեմ էլ քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Երկուսի նկատամբ էլ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























