Խաչիկ Ասրյանի ատելության, բռնության կոչերը քրեորեն պատժելի արարքներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը անհապաղ պետք է արձագանքեն ՀՀ իրավապահ մարմինները: Ավելին` Ասրյանի նկատմամբ պետք է ոչ միայն մեղադրանք առաջադրվի, այլ նաեւ նրան պետք է մեկուսացնեն հասարակությունից: Փոստանջյանը նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատ խոսքի իրավունքը պետք է պաշտպանված լինի: «Ասրյանի հայտարարությանը ուղղված է, ոչ միայն ազատ խոսքի սահմանափակմանը, այլ ահաբեկչության կատարման սպառնալիքի միջոցով նպատակ է հետապնդում ապօրինի պահանջներ ներկայացնելուն: Տվյալ դեպքում եթե իրավապահ մարմինները չեն արձագանքում, ապա կնշանակի նրանք կողմնակալ են եւ հովանավորում են ՀՀԿ-ին»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ չեն իրականացնում քրեական հետապնդում եւ մասնավորապես ո՞ր իրավապահ մարմինը պետք է հարուցի քրեական գործ, «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց. «Ցավալի է, որ մինչ այսօր հանրությունը տեղեկացված չէ քրեական գործի հարուցման մասին: Իսկ քրեական գործի հարուցման անմիջական պարտականությունը կրում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ Ասրյանը հանդիսանում ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր եւ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու նպատակով: Նրա դիմումի առիթը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին yerkir.am կայքին տված հարցազրույցն է, որտեղ պաշտոնյան ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























