Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը  Հայաստանում եւ քաղաքականության մեջ մնալու որոշում է կայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Տիգրան Կարապետյանը՝ ընդգծելով. «Ես շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ: Քաղաքականության մեջ ես միշտ էլ կմնամ»:

Հարցին, թե ինչպե՞ս է դա արտահայտվելու, Ժողովրդական կուսակցության ակտիվացմա՞մբ, թե՞ մեկ այլ կուսակցության միանալով, Կարապետյանը պատասխանեց. «Դուք կտեսնենք, այս պահին չեմ կարող ասել, բայց հիմա ինձնից հայտարարություն մի կորզեք»:

Նա միաժամանակ ավելացրեց, որ հիմա ճշմարիտ քաղաքական ուժ չկա, քանի որ ամեն ինչ շինծու է:

Ավելի վաղ նա, 6 ամիս ճանապարհորդելուց հետո, վերադառնալով Հայաստան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ դեռ չի որոշել մնալու է Հայաստանում, թե՝ ոչ, ինչպես նաեւ խոստովանել էր, որ հիասթափված է: «Ճիշտ է, որոշակի հիասթափություն կա, բայց հիասթափությունս, ոչ թե քաղաքականությունից է, այլ մարդկանց որակի փոփոխությունից: Տեսեք, մարդիկ ոտքի են կանգնում, բարձրաձայնում, թե կառուցվելիք  բարձրահարկ  շենքը իրենց արեւը փակում է, բայց մոռանում են, թե դա ինչի հետեւանք է: Այսինքն` գլոբալ խնդիրները թողած, մասնավոր հարցերով են զբաղվում: Չեն մտածում, որ իրենց կողոպտում են, իրենց վրա հարստանում են, իրենց «քցում» են, ժողովրդին որպես կլիենտ են ընդունում: Հա որպես կլիենտ` զուտ շաքար առնող: Բուն խնդիրը թողած ասում են՝ էսինչը շենք ա սարքում, էն ինչը հարսանիք արեց, մյուսն էլ, թե ում կնքեց: Դրանով իշխանության սցենարն են աշխատեցնում:  Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ պայքարը պետք է սկսենք անազնիվ ընտրություններից եւ ավարտենք ազնիվ ընտրություններով»,- ասել էր Տիգրան Կարապետյանը: