21-ամյա Սարգիս Բաբայանը Շենգավիթ վարչական շրջանի Շենգավիթ 9 փողոցի 1 շենքի մուտքի մոտ ծեծի է ենթարկել  Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ, ոստիկանության ավագ լեյտենանտներ Արթուր Բարսեղյանին եւ Գագիկ Մանուկյանին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ նախ 21-ամյա  Սարգիս Բաբայանը  մուտքի մոտ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Կարեն Առաքելյանի հետ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ, ոստիկանության ավագ լեյտենանտներ Արթուր Բարսեղյանի եւ Գագիկ Մանուկյանի միջամտությունից հետո, Սարգիսը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ` քաշքշելով եւ հարվածներ հասցնելով նրանց:

Սարգիս Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել 316   հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: