Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է անվանի հյուրին Հայաստանում, նշելով, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում Վլադիսլավ Տրետյակին եւ խորհրդային տարիների լեգենդար մյուս մարզիկներին, որոնց փառահեղ հաղթանակներով հպարտանալու բազմաթիվ հրաշալի առիթներ են ունեցել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում հոկեյի եւ ձմեռային այլ սպորտաձեւերի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ ՌԴ հոկեյի ֆեդերացիայի համագործակցության ցանկությունն ու պատրաստակամությունը:

Վլադիսլավ Տրետյակը, ով առաջին անգամ է Հայաստանում, եւ այդ այցը համընկել է մայրաքաղաք Երեւանի 2795-ամյակի տոնակատարության օրերին, նշել է, որ հաճելիորեն զարմացած է երեւանցիների ջերմ հյուրընկալությունից ու իրեն ուղղված գնահատանքի եւ մեծարանքի խոսքերից: Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում տարեցտարի զարգանում եւ ավելի է ամրապնդվում, Վլադիսլավ Տրետյակը նշել է, որ ուրախ կլինի նպաստելու սպորտի բնագավառում եւ հատկապես ձմեռային սպորտաձեւերի զարգացման գործում ՌԴ-ի հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը: