Ավտոպատահարի հետեւանքով միկրոավտոբուսի 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Սամարայի մարզում: Toyota մակնիշի միկրոավտոբուսի եւ Mercedes մակնիշի մեքենայի բախման հետեւանքով պայթել են միկրոավտոբուսում գտնվող գազի բալոնները, հրդեհ է բռնկվել: Սրահում գտնվող ուղեւորները չեն կարողացել դուրս գալ այրվող մեքենայից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սամարայի մարզի փրկաորոնողական ծառայությանը, պայթունից մեքենայի տանքիը պոկվել: Սրահն ամբողջությամբ այրվել է, բարձր ջերմաստիճանից թափքը դեֆորմացվել է: Նախնական տվյալներով՝  Նիժնի Նովգորոդի պետհամարանիշներով միկրոավտոբուսի անվադողը պայթել է, վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ էլ բախվել է մյուս մեքենային, որը ժամանել էր Ղազախստանից:

Միկրոավտոբուսում վարորդից բացի կար 14 ուղեւոր, որոնցից 11-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուսը՝ Տաջիկստանի եւ մեկը՝ Ադրբեջանի: