Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու եւ «Էրեբունի-Երեւան2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալահամերգին հանդես գալու համար, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երեւանցիների կողմից:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի 2795-ամյակի կապակցությամբ, հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Ռայմոնդ Պաուլսին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հայտնի երգահանն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու եւ իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: Ռայմոնդ Պաուլսը նաեւ հավելել է, որ մեծ սիրով է մասնակցել Երեւանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:





























