Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ողջունելով հյուրին եւ բարձր գնահատելով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տարբեր ոլորտներում առկա գործընկերային կապերի մակարդակը, քաղաքապետը նկատել է, որ մարզական բնագավառում եւս այդ համագործակցությունը պատշաճ մակարդակի է ու էլ ավելի ընդլայնման հեռանկարներ ունի:

«Շնորհակալ եմ, որ մեզ հետ միասին մասնակցեցիք մեր սիրելի քաղաքի ծննդյան օրվա միջոցառումներին եւ Ձեր ներկայությամբ մեկ անգամ եւս ապացուցեցիք, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն իրապես գնահատված է բոլոր ժամանակներում: Նաեւ համոզված եմ, որ Ձեր նման լեգենդար հոկեյիստի այցն ու տեղի մասնագետների հետ շփումները խթան կհանդիսանան, որ Երեւանում ավելի շոշափելի զարգացում ունենան ձմեռային մարզաձեւեր»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի 2795-ամյակի կապակցությամբ սպորտի բնագավառում հայ ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, խորհրդային անվանի հոկեյիստ, աշխարհի եւ օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Վլադիսլավ Տրետյակին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պարգեւի համար` Վլադիսլավ Տրետյակը նշել է. «Հայաստանում առաջին անգամ եմ եւ ուրախ եմ, որ այն համընկավ Երեւանի 2795-ամյակի տոնակատարությանը: Երեւանն իսկապես շատ գեղեցիկ ու պատմական քաղաք է: Համոզված եմ, որ դեռ շատ առիթներ կլինեն այստեղ վերադառնալու, նաեւ ձմեռային մարզաձեւերի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու: Շնորհակալ եմ ու անչափ զգացված այս գնահատանքի համար»: