Կրկեսային արվեստի համաշխարհային «Իդոլ» փառատոնի հաղթող է ճանաչվել Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը՝ ճոպանի վրա բալետային վարիացիաների համար։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է Մոսկվայի Վերնադսկիի պողոտայում գտնվող Մեծ կրկեսում:
«Պրոֆեսիոնալները վիճում էին մոտ երկու ժամ, ապացուցում էին իրենց իրավացիությունը: Արդյունքում հանձնել ենք երկու ոսկե, երեք արծաթե եւ չորս բրոնզե «Իդոլ»»,- հայտնել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդգարդ Զապաշնին:
Երկրորդ «Ոսկե Իդոլը» ստացել է թուրքմենական «Գալկինիշ» խումբը, որը ցուցադրել է ջիգիթների ազգային ձիախաղ:
Երեք «արծաթե Իդոլները» կիսել են Նատալյա Մայխրովսկիի եւ Սալիհ Գյազովայի ծովային կենդանիների թատրոնը, Մոսկվայի Մեծ կրկեսից Անատոլի Ռուբանի ղեկավարությամբ հանդես եկող ակրոբատները եւ Զապաշնի եղբայրների կրկեսի արտիստները` Սերգեյ Տրոշինի ղեկավարությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Բրոնզե Իդոլները» հանձնել են Մոսկվայի մեծ կրկեսից օդային գիմնաստուհի Տատյանա Օժիգանովային, եթովպացի արտիստներին, Չինաստանի Յանչենգ քաղաքի ակրոբատիկ կրկեսախմբին եւ Ռուսաստանի պետական կրկեսը ներկայացնող «Ստվերներ» զույգին:
Պրոֆեսիոնալ ժյուրին գլխավորել է Ռուսաստանի պետական կրկեսի գլխավոր տնօրեն Ֆարզանա Խալիլովան, որին օգնել է Մոսկվայի կրկեսի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Նիկոլինը, Մոնտե Կառլոյում Միջազգային կրկեսային փառատոնի փոխնախագահ Ուրս Պիլսը, Իսպանիայի Ֆիգարեսի կրկեսի տնօրեն Ժենիս Մատաբոշը եւ այդ բնագավառում աշխարհի առաջատար գործիչներ:





























