Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընդունել է լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին եւ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին: Նրանց ուղեկցել է ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Մայր աթոռից հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն ընդգծել է, որ քրիստոնեական հավատը զորացրել է հայ ժողովրդի ոչ միայն հոգեւոր, այլեւ ստեղծագործական կյանքը` հանդիսանալով ինքնության պահպանման հիմնական երաշխիքը:
Նա իր գնահատանքն է բերել Ռայմոնդ Պաուլսին եւ Վլադիսլավ Տրետյակին` երաժշտության ու սպորտի բնագաւառում ունեցած մեծ ավանդի համար: Գարեգին Բ-ն մաղթել է, որ Աստված ուժ եւ եռանդ պարգեւի նրանց` նորանոր հաջողություններով շարունակելու խանդավառել եւ ոգեշնչել հասարակությանը եւ սնել հատկապես երիտասարդ սերնդին իրենց նվիրյալ ծառայության միջոցով քարոզվող հոգեւոր-բարոյական արժեքներով:
Իրենց հերթին Վլադիսլավ Տրետյակն ու Ռայմոնդ Պաուլսը երախտագիտություն են հայտնել ջերմ ընդունելության համար, ապա հանդիպման ավարտից հետո այցելել են Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին:





























