Հայաստան ներկրվող ավտոմեքենաների հարկերն ու տուրքերը պետք է ուղղել արցախյան պատերազմի վետերանների կարիքներին: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հարկերն այնպիսին պետք է լինեն, որ մեքենաների ոչ խոշոր ներկրողները ստվերում չթաքնվեն եւ ավտոմեքենաներն ընկերների ու հարեւանների անունով չգրանցեն:
«Խոշոր ներկրողները, ինչպիսիք են «Տոյոտա-Երեւանը», «Արմենիա Լադան» եւ այլն, ինվոյսով մաքսազերծման իրավունք են ստանում: Ոչ մեծ ընկերություններին մաքսայինը շատ ավելի խիստ է վերաբերվում, կիրառվում են հաճախ ուռճացված գներ», – նշել է հովհաննիսյանը: Հենց այդ պատճառով, հավելել է նա, անհավասար մրցակցության ենթարկվող ոչ խոշոր ներկրողները ստվեր են գնում: «Նրանց համար հարկավոր է մատչելի հարկ սահմանել, իսկ հավաքված միջոցներն ուղղել արցախյան պատերազմի վետերանների վիճակի բարելավմանը: Կարծում եմ՝ դրանից կշահի ողջ հասարակությունը», – ամփոփել է Հովհաննիսյանը:





























