Հայաստանի ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն հոկտեմբերի 7-10-ը ամենամյա ուսումնական այցով Արցախում էին:

Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել են նախարար Կարեն Միրզոյանի եւ նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դպրոցի ունկնդիրներին ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ հետ համագործակցության եւ աջակցության համար Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին պարգեւատրել է ԼՂՀ ԱԳՆ հոբելյանական հուշամեդալով:

Նույն օրը երեկոյան դպրոցի ունկնդիրներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանը անդրադարձել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների եւ պատասխանել է ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելել են սահմանապահ առաջին գիծ, ծանոթացել մարտական պատրաստականության առանձնահատկություններին եւ ծառայողների առօրյային:

Հոկտեմբերի 8-ին, ընդունելով դպրոցի ունկնդիրներին, Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսել է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Պատասխանելով ունկնդիրների հարցերին` վարչապետն անդրադարձել է Արցախում ներդրումների խթանման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար արվող քայլերին, ենթակառուցվածքների վիճակին եւ մի շարք այլ խնդիրների` կարեւորելով գործող ժողովրդավարության դերն Արցախի ունեցած ձեռբերումներում:

Հոկտեմբերի 10-ին ԴԴ ունկնդիրներին հյուրընկալել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ունկնդիրներին ծանոթացրել է Արցախի օրենսդիր մարմնի կառուցվածքին ու քաղաքական կազմին, գործունեության առանձնահատկություններին, միջխորհրդարանական համագործակցությանն ու շփումներին, ինչպես նաեւ ներկայացրել է երկրի ձեռբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային եւ այլ խնդիրների համատեքստում։ 

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելել են ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան եւ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի պետական թանգարան եւ Շուշիի արվեստների կենտրոն: