Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե առանց կրոնի եւ ազգության խտրականության Թուրքիայի ցանկացած քաղաքացի կարող է ոստիկան դառնալ։
Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ ասորիների փոխպատրիաքը հայտարարել էր, թե իրենք էլ մուսուլմանների չափ սիրում են Թուրքիան, սակայն իրենց զինվորականության, ոստիկանության մեջ պաշտոններ չեն տալիս, Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
«Ասորական ուղղափառ եկեղեցու Ստամբուլի մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինի «Ինչու ասորի քաղաքացիները տեղ չունեն ոստիկանության մեջ» հայտարարությունը կարդացիք մամուլում։ Առանց կրոնի եւ ազգության խտրականության Թուրքիայի ցանկացած քաղաքացի կարող է ոստիկան դառնալ։ Առաջիկայում ոստիկանության քննություններին մասնակցելու եւ ոստիկան դառնալու համար հրավիրում ենք մեր ասորի քաղաքացիներին»։





























