Խոտի դեզի ծխահարման գործով հոկտեմբերի 14-ի նիստին Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, մեղադրյալ Արամ Մուղալյանը հայտարարեց, որ ցուցմունքը գրել է քննիչի ճնշման տակ:

«Ինձ սոված ծարավ էնքան են պահել, մինչև ես այդ բացատրությունը գրել եմ: Ասել է՝ լուրջ բան չկա, գրի, տուգանք կգրենք, կպրծնես, եթե չգրես, քո համար ավելի վատ է լինելու: Ասել է` եթե չգրես, օպերների ձեռքի տակ կգցենք, շատ վատ է լինելու քո համար»,- ասաց Արամն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Պաշտպանող կողմը նաեւ հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ժամկետի լրանալուց հետո անօրինական նախաքննություն է իրականացրել: Փաստաբանները միջնորդեցին անվավեր ճանաչել ժամկետից դուրս կատարված բոլոր գործողությունները:

«Չի պահպանվել նաև հետաքննության 10-օրյա ժամկետը: Հայտարարությունը վերցնելուց միայն երկու ամիս անց են հարուցվել քրեական գործերը»- ասաց Ռոբերտ Փիլոյանի դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Փաստաբան Մկրտիչ Դավթյանը հավելյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրեց, որը դատարանը մերժեց:

Նա անդրադարձավ ծխահարելու հետևանքով խոտի հարդի 10% այրվելու հանգամանքին. «Արդյո՞ք բենզինով այրելու միջոցով հնարավոր է միայն այդքանն այրվեր, թե՞ ավելի շատ հարդեր կայրվեին»:

Արամ Մուղալյանի փաստաբան Անդրանիկ Հակոբյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել Արամ Մուղալյանի ավտոմեքենայի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունը: Փաստաբանների պաշտպանական ճառերից հետո դատավորը խոսքի իրավունք տրամադրեց Նորապատ գյուղի բնակչի խոտի դեզը դիտավորությամբ ծխահարելու մեջ մեղադրվող Արթուր Քլյանին, Արամ Մուղալյանին, Գագիկ Առաքելյանին և Ռոբերտ Փիլոյանին:

Նրանք ևս մեկ անգամ հերքեցին իրենց դեմ առաջադրված մեղադրանքը` այն անվանելով աբսուրդ: Տղաները դատավորին խնդրեցին արդար վճիռ կայացնել և արդարացնել իրենց: Դատարանը վճիռը կայացրեց, բայց աշխատանքային օրվա ավարտի պատճառով հրապարակումը հետաձգեց մինչև հոկտեմբերի 15-ը ` ժամը 10:45-ը: