Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, Մոսկվայում չէ, ակտիվ հանդիպումներ չի ունենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը այժմ գտնվում է արտասահմանում: Աշխատանքային, թե հանգստի նպատակներով է նա այնտեղ, Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանեց՝ «համարեք, որ հանգստանում է»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Մաքսային միության մտնելու եւ մի շարք այլ արդիական թեմաների շուրջ մեկնաբանություններ տալուն, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը դեռ արտահայտվելու առիթ կունենա:
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում Մոսկվայում ակտիվ հանդիպումների մեջ է ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ: Բանն այն է, որ մոսկովյան կուլիսներում արդեն իսկ թափ է հավաքում լուրը, թե հունվարին Մեդվեդեւը հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա ամենահավանական փոխարինողը կլինի Ալեքսեյ Կուդրինը: Այս հեռանկարը բավականին ոգեւորել է Մաքսային միության ապագա անդամ Հայաստանի մի շարք գործիչների, որոնք մտածում են, որ այս երեւույթը դոմինոյի էֆեկտով կտարածվի Հայաստանի վրա եւս, ու ամեն մեկն իր հերթին փորձում է ստանալ դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանող Պուտինի, նրա թիմի բարեհաճությունը:





























