Փարիզում` «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման մարմնի գլխավոր գրասենյակում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին են հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային ստանդարտին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի «BUREAU VERITAS»-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել է ՊԵԿ-ի գործունեությունը եւ կոմիտեն ճանաչել անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող պետական կառույց: «Համակարգի ուսումնասիրությունը բավական բարդ էր, սակայն կոմիտեի նախագահի գլխավորությամբ ու բարձր որակավորմամբ աշխատակիցների շնորհիվ բոլոր բարդությունները հաղթահարվեցին, եւ այսօր մենք հպարտ ենք ՊԵԿ-ին հանձնել այս հավաստագիրը»,-նշել է «BUREAU VERITAS»-ի ղեկավարը:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով կոմիտեին հավաստագրի արժանացնելու համար, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ «BUREAU VERITAS»-ի նման հեղինակավոր կազմակերպությանը դիմելը բավական ռիսկային էր, սակայն կոմիտեին հաջողվեց անցնել կազմակերպության բոլոր ստուգումներով եւ վաստակել միջազգային չափորոշիչների համապատասխանության հավաստագիր: «Վերջին 4-5 տարում կոմիտեում համակարգերի ներդրումն իրականացվել է բացառապես մեր աշխատակիցների ուժերով` միջազգային կառույցների գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում: Եվ մեզ համար կարեւոր էր հասկանալ` որքանով է ճիշտ մեր ընտրած ուղին: ՊԵԿ-ի եւ «BUREAU VERITAS»-ի աշխատակիցների կատարած համատեղ բարդ աշխատանքից հետո համոզվեցինք, որ ճիշտ ճանապարհին ենք»,-նշել է ՊԵԿ նախագահը:

Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտի ներդրումը ՊԵԿ-ում հնարավորություն է տալիս հարկային եւ մաքսային ծառայություններն ապահովել տեղեկատվական բազաների եւ կառավարման համակարգի անվտանգության բարձր մակարդակով: Գ. Խաչատրյանը համոզված է, որ հավաստագրի առկայությունը կբարձրացնի նաեւ ՊԵԿ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ վստահությունը պետություն-բիզնես հարաբերություններում. «Այսօր աշխարհի բոլոր երկրներում հարկային, մաքսային համակարգերի առաջնահերթությունն է ստեղծել այնպիսի պարզեցված գործընթացներ եւ թեթեւ վարչարարություն, միաժամանակ պահպանելով հարկային կարգապահությունը, որ հարկային եւ մաքսային օրենսդրության շնորհիվ ապահովվեն ավելի բարձր եկամուտներ»: