Ցմահ դատապարտյալ 52-ամյա Գնունի Վարդանյանը 5-րդ օրն է, ինչ բերանը կարած վիճակում շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից:
Սակայն նա ջրադուլ չի հայտարարել եւ բերանը կարած վիճակում կարողանում է ջուր խմել: Գոռ Ղլեչյանի խոսքով, նրա առողջական վիճակը նորմալ է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 10-ին ցմահ դատապարտյալ 52-ամյա Գնունի Վարդանյանը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը: Գոռ Ղլեչյանը նշել էր, որ դատապարտյալը անօրինական պահանջ է ներկայացրել, որը ենթակա չէ հրապարակման: Դիտարկմանը, թե դատապարտյալն ամիսներ առաջ էլ է նման ծայրահեղ քայլի գնացել նշելով, թե իրեն զրկել են զանգելու իրավունքից, Գոռ Ղլեչյանը արձագանքել էր. «Դա չի համապատասխանում իրականությանը եւ, եթե իր հերթը չէ ու իր զանգելու իրավունքից արդեն օգտվել է եւ ցանկանում է մեկ անգամ էլ օգտվել, դա եւս անօրինական պահանջ է»:





























