Երեւանում նոյեմբերի 1-ից կմեկնարկի աշնանային ծառատունկը եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջեւ խնդիր է դրվել ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 20 հազար ծառ: Ըստ այդմ, շուրջ 10 հազար ծառ կտնկվի մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների, եւս 10 հազարն էլ՝ համատիրությունների, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Կտնկվեն հիմնականում գնդաձեւ ակացիաներ եւ սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին եւ լավ կպչողականություն են ապահովում:

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաեւ «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու եւ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ եւս աշնանային ծառատունկի շրջանակում կիրականացվեն ծառատնկման աշխատանքներ:

Երեւանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում, ի դեպ, ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: