Խորհրդային Հայաստանի գիտության նվաճումները պետք է նորերով լրացվեն: Այս մասին այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ստեղծման 70-ամյակին: Ներկայիս ԳԱԱ-ն ստեղծվել է  1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«1935-ին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ստեղծումը նոր եւ փայլուն էջ էր հայկական գիտության պատմության մեջ: Դա մեծ ուղու սկիզբ էր, որով պետք է անցնեին հայ տաղանդավոր գիտնականների սերունդներ: Հայաստանի առաջատար գիտութունը ոչ պակաս կարեւոր է եղել երկրի տնտեսական զարգացման համատեքստում: Խորհրդային Հայաստանը ուժեղ գիտական պոտենցիալով երկիր էր: Հայաստանը ձեւավորել է ճշգրիտ եւ հասարակական գիտությունների մասնագետների հսկայական բանակ:

Խորհրդային միության փլուզումն ու անցումային շրջանը շատ ծանր են եղել մեր գիտության համար: Մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել: Եվ այսօր մեր խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքը:

Ժամանակակից աշխարհում հենց գիտության ձեռքբերումների հաշվին կտրուկ արագացել են բոլոր գործընթացները, ընդհուպ քաղաքականները: Դա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղեցնենք բարեփոխումները գիտության ոլորտում: Կարեւոր եմ համարում, որպեսզի բարեփոխումները իսկապես վերաբերեն նաեւ գիտաշխատողների սոցիալական խնդիրներին: Վստահ եմ, որ մեր հասարակությունում պետք է վերականգնվի գիտնականի ոչ միայն կարգավիճակը, այլեւ նրա բարձր հեղինակությունը: Դա պարտադիր պայման է մեր հասարակության դաստիարակության հարցում: Մեր երիտասարդները պետք է ձգտեն գիտնական դառնալ:

Իհարկե, ժամանակը նոր հնարավորություններ է բերում: Ես խոսում եմ միջազգային գիտական համագործակցության աճող հնարավորությունների մասին: Մենք պետք է շահագրգռված լինենք մեր միջազգային համագործակցության կտրուկ ընդլայնմամբ: Խորհրդային շրջանի ձեռքբերումները մենք պետք է կրկնենք հիմա՝ նոր պայմաններում: Հենց դրանից են կախված ԳԱԱ հեռանկարները: Այլ ճանապարհ չկա: Բայց դա չի նշանակում, որ մեր գիտությունը չի կարող ունենալ ներքին պատվիրատուներ: Այդ տեսանկյունից շատ կարեւոր եմ համարում գիտական ինստիտուտների եւ առանձին գիտական ձեռնարկությունների համագործակցությունը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: