Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հոկտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել՝ իր մտահոգությունն արտահայտելով Հայաստանում խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու արատավոր պրակտիկայի կապակցությամբ, ինչը հակասում է ՄԱԿ-ի՝ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հայտարարություն

2013 թ. հոկտեմբերի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին եւ Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմուքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) եւ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:

Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելն անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայիով ստանձնած պարտավորությունների հետ, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը[1]: Ավելին, «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ եւ արդար քննություն իրականացնելու եւ խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը»[2]:

Օպերլիազորներ Բարսեղյանի եւ Բախբուդարյանի գործը խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելու առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետեւանքով: Վ.Խալաֆյանին ծեծի ենթարկելու համար Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու նպատակով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (ՀՀ ՔՕ 309(3) հոդվածով) եւ դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա էր Խալաֆյանին ծեծի ենթարկելիս եւ չէր կանխել այդ գործողությունները, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ ՔՕ 308(1) հոդվածով) դատապարտվեց պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:

Իսկ 2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվեց պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվեց:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտեն 2012 թվականին արդեն հայտնել է իր մտահոգությունը` ՀՀ-ում խոշտագում կիրառած անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեպքերի կապակցությամբ[3]:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի է[4]:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝

• Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները եւ չափանիշները եւ երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:

• Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի եւ ՄԱԿ–ի` Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն եւ պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։