Ցմահ դատապարտյալ 52-ամյա Գնունի Վարդանյանը, ով  5 օր շարունակ  բերանը կարած վիճակում հացադուլ էր հայտարարել՝ բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ դադարեցրել է հացադուլը եւ արձակել բերանի կարերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից:

«Բացատրական աշխատանքների արդյունքում նա հասկացավ, որ իր պահանջներն անօրինական են եւ քանդեց կարերը: Արդեն հասցրել է ճաշել եւ տեղափոխվել է իր խուց»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  հոկտեմբերի 10-ին  ցմահ դատապարտյալ 52-ամյա Գնունի Վարդանյանը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը: Գոռ Ղլեչյանը նշել էր, որ դատապարտյալը անօրինական պահանջ է ներկայացրել, որը ենթակա չէ հրապարակման: Դիտարկմանը, թե դատապարտյալն ամիսներ առաջ էլ է նման ծայրահեղ քայլի գնացել նշելով, թե իրեն զրկել են զանգելու իրավունքից, Գոռ Ղլեչյանը արձագանքել էր. «Դա չի համապատասխանում իրականությանը եւ, եթե իր հերթը չէ ու իր զանգելու  իրավունքից արդեն օգտվել է եւ ցանկանում է մեկ անգամ էլ օգտվել, դա եւս անօրինական պահանջ է»:

Բացի այդ, այսօր առավոտյան ՄԻՊ-ի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող և օրեր առաջ բերանը կարած ու հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը ինքնախեղման փորձ է արել և վնասել է ձեռքը:

Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները շտապ մեկնել են Նուբարաշեն ՔԿՀ: Նրանց հետ զրույցում դատապարտյալը հայտնել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ բազմիցս դիմել է կալանավայրի վարչակազմին, որպեսզի իրեն տեղափոխեն մեկ այլ խուց, սակայն իր խնդրանքը մերժվել է: Նա նաև նշել է, որ դժգոհություններ ունի վարչակազմի ներկայացուցիչներից և դիմում է ներկայացրել Պաշտպանին:

Գնունի Վարդանյանի դիմումն ընդունվել է վարույթ և առաջիկայում գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին:

Առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցները հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը և քանդել բերանը, սակայն նա պնդել է, որ կհամաձայնի դա անել, եթե իր պահանջները բավարարվեն: