73- ամյա Սուրեն Խաչատրանին իր կամքին հակառակ իր բնակարանից փորձում էին տեղափոխել հոգեբուժարան: Այս մասին օրեր առաջ ահազանգ է ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին: Արդեն Ավանի հոգեբուժարանում Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները պարզել են, որ իրոք, ժամեր առաջ քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան:

Պարզվել է նաեւ, որ այդ պահին հոգեբուժարանի գրանցամատյանում Ս. Խաչատրյանի տվյալները գրանցված չեն: Հերթապահ բժիշկը չկարողացավ տրամադրել նաեւ Ս. Խաչատրյանին հոգեբուժարանում պահելու իրավական հիմնավորումները եւ բժշկական հանձնաժողովի բնութագիրը նրա վիճակի մասին:

Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ, որի ընթացքում նա պատմել է, որ ոստիկանության աշխատակիցը տարածքային հոգեբույժի հետ այցելել է իրեն, որոշ հարցեր տվել եւ եզրակացություն տվել, որ ինքն ունի հոգեկան խնդիրներ եւ վտանգավոր է իր եւ շրջապատի համար: Արդյունքում՝ իրեն տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա: Նա նաեւ փաստել է, որ իրեն այդ հաստատություն բերել են իր կամքին հակառակ եւ պատրաստակամություն հայտնել հաջորդ օրը ինքնակամ ներկայանալ կլինիկա՝ համապատասխան ստոգումներ անցնելու:

Բայց քանի որ Ս. Խաչատրյանի հոգեկան վիճակի մասին համապատասխան եզրակացություն տվող հանձնաժողովը պետք է ձեւավորվեր միայն հաջորդ օրը, հոգեբուժարանաում նրան թուլ չեն տվել վերադառնալ տուն, եւ նա գիշերն անցկացրեց այնտեղ:

Հաջորդ օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պնդել են, որպեսզի մասնակցեն հանձնաժողովի ստուգումներին, որի արդյունքում հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ Ս. Խաչատրյանը չունի հոգեկան խնդիրներ եւ ենթակա չէ հոսպիտալացման:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ս. Խաչատրյանին ուղեկցել են տուն եւ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում կրկին աջակցել նրան: