Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունում վերջին ամիսն աշխատավարձեր չեն ստացել, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ Աշխատանքի տեսչությունը միավորվել է Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության հետ եւ մտել Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Տեսչությունների միավորման գործընթացը դեռ չի ավարտվել, երկու տեսչությունների պետերը եւ համապատասխանաբար մնացած աշխատակիցները դեռեւս աշխատում են եւ աշխատավարձ պետք է ստանան:
Աշխատակիցների խոսքերով՝ իրենք դեռ ազատված չեն, որեւէ մեկն ազատման վերաբերյալ իրենց չի տեղեկացրել, բայց մտավախություն ունեն, որ տեսչությունը լուծարելուց հետո չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը:
Աշխատանքի պետական տեսչության պետ, ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին` Հակոբ Մանուկյանը, մեզ հետ զրույցում նախ ասաց, որ ինքը հարցի պատասխանը չգիտի, եւ պետք է նախարարությունից ճշտել, թե ինչու աշխատավարձերը չեն տրվել, ապա ավելացրեց, որ իր կարծիքով՝ տեսչության վերակազմավորման հետ կապված՝ տեխնիկական խնդիր կարող է առաջացած լինել: Այն հարցին, թե ինքը ստացե՞լ է աշխատավարձը, նա պատասխանեց. «Մենք քարտով ենք ստանոմ, դեռ չեմ ստուգել, չգիտեմ»:
Նշենք, որ տեսչությունների միավորման արդյունքում ԲՀԿ-ական պատգամավորի որդին պաշտոնանկ կլինի, քանի որ միավորված տեսչության պետի նոր թեկնածու կա` նախագահի աշխատակազմի Վերահսկողության վարչության աշխատակից Արտակ Սահակյանը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























