Ադրբեջանից հայ փախստականների խնդիրների լուծման համար ամենակարեւորը միասնական կառույցի ստեղծումն է: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայ փախստականների խնդիրների քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

 «Մենք խորհրդարանական դիվանագիտություն իրականացնող եւ միջազգային կառույցներում հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնող անձինք ենք:

Եվ մեզ համար շատ կարեւոր են հանրության կողմից հարցերի բարձրացումը, շարժումը, ակտիվությունը, ազդակները: Այդ իսկ պատճառով   կարծում եմ, որ այս հանդիպումը պետք է սկիզբ դնի փախստականների խնդիրների լուծման միասնական կառույցի ստեղծմանը», -նշել է Սահակյանը:

Նա խնդրել է հաճախ կազմակերպել հանրային քննարկումներ եւ հանդիպումներ, որոնք կունենային համապատասխան հայեցակարգ:

Առաջին հերթին, ըստ պատգամավորի, կարեւոր է այդ ոլորտում գործող քաղաքական եւ հասարակական կառույցների միասնական գործելը: «Մեր խմբակցությունը պատրաստ է առավել ինտենսիվ գործունեություն ծավալել եւ աշխատել հայ փախստականների խնդիրների լուծման հայեցակարգային փաստաթղթի մշակման ուղղությամբ», - ամփոփել է Հովհաննես Սահակյանը:

 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am