Ինչ-որ ասպեկտներով հայկական մամուլում առաջընթացն ակնհայտ է, բայց երբեմն մրցակցության հաշվին որակը տուժում է, իսկ ժամանակի գործոնը դարձել է առաջնային։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարբեր ժամանակներում մի շարք թերթեր խմբագրած Վասակ Դարբինյանը։
Նա նշեց, որ որակի առումով երեւի թե 1990-ականների թերթերը ավելի ծանրակշիռ էին: Անկախ Հայաստանը լավագույն, անգերազանցելի թերթը նա համարում է 1990-ականներին 16 էջով լույս տեսնող «Առավոտը»։ Վասակ Դարբինյանը նկատեց, որ մամուլի նկատմամբ իշխանության վերաբերմունքը չի փոխվել, այսօրվա քաղաքական ուժերի մեջ չի տեսնում այնքան խելացի մի գործիչ, որը մամուլին կվերաբերի հարգանքով, պատկառանքով։
«Այնքան կառավարելի է այսօրվա մամուլը, եւ այնքան տեսանելի է, որ կառավարելի է, ուղղորդվող է։ Հատուկենտ կայքերը, թերթերը ինձ ցնծություն են պարգեւում, որ կան, չեն մեռել։ Եթե ազատ չէ մամուլը, ում է պետք դա, դա գործիք է, որը ծառայում է ինչ-որ խմբի շահերին: Գործիք լինելը նույնն է, ինչից զզվել ենք Սովետական միությունում»,- նշեց Վասակ Դարբինյանը։
Խմբագիրը նկատեց, որ գուցե շատ հարցերում ինքն էլ է թերացել, երբ տարբեր թերթեր էր խմբագրում, եւ այսօրվա մամուլի վիճակում նաեւ իր մեղավորությունը կա։ Վասակ Դարբինյանը շեշտեց, որ մասնագիտական որակները բավականին նահանջել են, թափթփվածություն, լեզվի չիմացություն, ոճ չունենալու գործոնը, համահարթեցված ոճ են որդեգրել մեր լրագրողները, չեն ուզում բարեխիղճ վերաբերվել իրենց գործին, պատասխանատվությունն էլ ցանկալի մակարդակի վրա չէ։
«Միշտ սառնասրտորեն եմ վերաբերում ամեն ինչին, բայց շատ դժվար է լսել, կարդալ նյութերը, որոնք որեւէ ժանրի չեն պատկանում, որտեղ լեզուն բռնաբարվում է, փաստերը՝ խեղաթյուրվում: Ես վատ եմ զգում, որ այս մասնագիտությունը ունենալով չեմ կարողացել կասեցնել այդ ամենը»,- ասաց Վասակ Դարբինյանը՝ հավելելով, որ այդտեղ կա նաեւ խմբագիրների մեղավորությունը։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է, որ պետք չէ այդքան քննադատաբար վերաբերել այսօրվա մամուլին եւ լրագրողներին։ Նա շեշտեց, որ պետք է գովել երիտասարդ լրագրողներին, ասել, որ իրենք մեծ գործ են անում այս երկրի համար, իսկ թերությունները միայն իրենցով չի պայմանավորված։ «Երբեք այսքան մեծ ուշադրություն, մեծ հարգանք չի եղել մամուլի նկատմամբ, ինչքան այսօր, երբեք մեր խոսքը տեղ չի հասել, ինչպես այսօր, ինտերնետի առկայությունը նպաստում է, որ մեր խոսքը հասանելի լինի, աննկատ չի անցնում ոչ մի հոդված»,- ասաց նա։ Մյուս կողմից, խմբագիրը նշեց, որ 1990-ականներին ավելի հեշտ էր աշխատելը, մրցակցությունն այսպես մեծ չէր, այսքան լրատվամիջոցներ չկային։ Նա դժգոհություն հայտնեց այն հանգամանքից, որ որոշ լրատվամիջոցներն աշխատում են սոցցանցի սկզբունքով, եւ սոցիալական ցանցերում զետեղված ստատուսները, որոնք ոչ հավաստի են, տեղադրում են իրենց կայքում։





























