Կարճաժամկետ վիզաների տրամադրման նոր ընթացակարգը 2010 թվականի ապրիլի 5-ից ՀՀ քաղաքացիներին թույլ կտա հնարավորինս պարզեցված կերպով մուտք գործել Շենգենյան երկրներ։ Մարտի 26-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն։
Նշելով, որ նոր մոտեցումները Շենգենյան գոտի մուտք գործելու առավել հեշտացված դրույթներ են ենթադրում, նա, սակայն, հստակեցրեց, որ այդ դրույթները որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, նախատեսում են. «Նախ պետք է ունենալ վավեր անձնագիր, բայց որ ամենակարեւորն է, 10 եւ ավելի տարիք ունեցող անձնագրերում մենք վիզաներ չենք դնում»,- տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ Եվրոպա մեկնել ցանկացողների անձնագրերում շտամպերի համար առնվազն երկու ազատ էջ պետք է լինի։
Ֆրեդերիկ Գրապեն տեղեկացրեց նաեւ, որ դեսպանատների աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու եւ մերժումներից հետո լսվող «ինչու»-ները բացառելու նպատակով իրենք անելու են ամեն բան, որպեսզի մինչեւ 2011 թ. ապրիլի 5-ը բոլոր մերժումները դեսպանատուն դիմողներին ներկայացվեն գրավոր կերպով։ «Արտոնագրի մասին եվրահամայնքի նոր օրենսգիրքը նաեւ թույլ է տալիս տարանցիկ B վիզան փոխարինել տարանցիկ C կարգի վիզայով, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց Շենգենյան ողջ տարածքում գտնվել առավելագույնը 90 օր»,- ընդգծեց ֆրանսիացի հյուպատոսը՝ միաժամանակ շեշտելով, որ հայ հասարակությունը պետք է անվերապահորեն եւ հստակ կերպով գիտակցի հետեւյալ երկու դրույթները. նախ՝ Շենգենյան այս կամ այն երկիրը մեկնելուց առաջ քաղաքացին պետք է թողնի գրավոր հանձնառություն, որտեղ նշված կլինի, որ սահմանված ժամկետում վերջինս պարտավոր է վերադառնալ Հայաստան, եւ երկրորդ՝ մեկնողը պետք է ապացուցի, որ կարճաժամկետ վիզա ստանալուց հետո ինքը խաբեությամբ չի շարունակի մնալ Եվրոպայում։ «Այսպես, մի հայ կին, օրինակ, վիզայով սահմանված 28 օրվա փոխարեն Ֆրանսիայում մնացել էր 2.5 տարի»,- նշեց Ֆրեդերիկ Գրապեն։
Հյուպատոսի խոսքով, շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնում պահանջվող փաստաթղթերի մեծ քանակությունից։ Նա, սակայն, հետագա բարդություներից խուսափելու համար խորրհուրդ տվեց չզլանալ այս հարցում «Այս կամ այն փաստաթղթի բացակայության պարագայում օտարերկրյա քաղաքացիները պարզապես կմնան եվրոպական օդանավակայաններում եւ հետ կուղարկվեն»։
Ֆրեդերիկ Գրապեն ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ նոր օրենսգիրքը սահմանում է «անցանկալի քաղաքացիների» ցուցակ, որում էլ ներառվում են եվրոպական երկրներում խաբեության եւ մեքենայությունների ճանապարհով մնացող մարդիկ։
Ամփոփելով՝ Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն տեղեկացրեց, որ նորացված ընթացակարգը երկարաժամկետ վիզաներին չի վերաբերում, եւ որ մերժված դիմումների թիվը գնալով հաստատուն կերպով նվազում է։



























