Ջարդերի, բռնությունների եւ աքսորի հետեւանքով Ադրբեջանի տարածքը լքել է 400 հազար հայ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, փախստականների խնդիրների քննարկման ընթացքում հայտարարել է փորձագետ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Ըստ նրա՝ փախստականների մի մասը հաստատվել է Հայաստանում, մի մասն   արտասահմանում, իսկ մնացյալը՝ Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանում հայերի ջարդերի կազմակերպիչները մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել: Հայերին բնաջնջելու թուրքական քաղաքականության շարունակությունը միջազգային հանրության կողմից համարժեք իրավաքաղաքական գնահատականի չի արժանացել», - նշել է Ստեփան Հասան-Ջալալյանը՝ ընդգծելով, որ մինչ այժմ հայերի այդ հատվածը չի ստացել ոչ բարոյական, ոչ նյութական, ոչ էլ տարածքային փոխհատուցում:

Ըստ փորձագետի՝ հայկական երկու պետությունների իշխանությունները վերաբնակեցման քաղաքականություն են իրականացնում, սակայն դա բավարար չէ: «Վերաբնակեցման ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանը Ղարաբաղին կապող Քաշաթաղի ամայացած վայրերում: Մյուս ազատագրված տարածքները մինչեւ հիմա պետության  ուշադրության կարիքն ունեն», - ասել է Հասան-Ջալալյանը: Ներքին քաղաքականության տեսակետից, ըստ նրա, պետք է հետեւողական լինել հասարակության մեջ փախստականների ներգրավվածության հարցում: «Այդ նպատակով առաջարկվում է քննարկել նրանց բնակարանային հարցերի լուծումը՝ մատչելի հիփոթեքային վարկեր տրամադրելու միջոցով», - պարզաբանել է փորձագետը:

Ստեփան Հասան-Ջալալյանը նշել է, որ արտաքին քաղաքականության բնագավառում  Հայաստանի իշխանությունները պետք է հետեւյալ խնդիրներին անդրադառնան. 1. Համապատասխան միջազգային կառույցներում բարձրացնել Ադրբեջանում հայերի ջարդերն իրագործողներին պատասխանատվության ենթարկելու հարցը; 2. Դիմել համապատասխան միջազգային կառույցներին՝ քաղաքաիրավական միջազգային գնահատական ստանալու նպատակով; 3. Ադրբեջանի իշխանություններից բարոյական եւ նյութական փոխհատուցում պահանջել փախստականների համար: