ՌԴ ԱԴԾ-ի ղեկավար, ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը Ադրբեջանի մշտական մեղադրանքները հաստատող տեղեկություն չունի, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղի տարածքը որպես Աֆղանստանից թմրանյութեր տեղափոխելու կամ ահաբեկիչներ պատրաստելու միջանցք է օգտագործվում:
«Նման տեղեկություն ես չունեմ: Ես ոչինչ ասել չեմ կարող տվյալ փուլում», - հայտարարել է Բորտնիկովը՝ Հայաստանում կայացած ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստն ամփոփող մամուլի ասուլիսում (ֆոտոռեպորտաժ):
Իր հերթին Հայաստանի ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանը նման մեղադրանքները ստահոդ է անվանել: Հակոբյանն ընդգծել է, որ բացի Ադրբեջանի իշխանություններից եւ հատուկ ծառայություններից, ոչ մի այլ երկիր կամ կառույց ոչ մի նման բան չի հայտարարել: «Շունը հաչում է, քարավանը՝ գնում», - նշել է Գորիկ Հակոբյանը:





























