Լոռիի մարզի բնակչուհի, մարմնավաճառությամբ զբաղվող Շուշանիկ Հ.-ն նման մասնագիտություն ընտրելու գործում մեղադրել է ընկերուհուն, նշելով, թե այդ քայլին է գնացել՝ նրանից գնված մուշտակի պարտքը մարելու համար: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 38-ամյա Աստղիկ Վ.-ն մեկ տարի շարունակ Շուշանիկ Հ.-ին իր հետ տարել է մարմնավաճառության, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Քրեական գործ էր հարուցվել 262 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննական մարմինը Աստղիկ Վ.-ին առաջադրված մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրել է ընդամենը մեկ վկայի` Շուշանիկ Հ.-ի ցուցմունքը: Վերջինս նախաքննության ժամանակ ցուցմունքներում նշել է, որ 2013-ի նոյեմբերին ապառիկ կարգով Աստղիկ Վ.-ից գնել է նրա 200.000 դրամ արժողության ձմեռային մուշտակը եւ խոստացել յուրաքանչյուր ամիս վճարել 40.000-50.000 դրամ: Սակայն նշված ժամանակահատվածում չի կարողացել վճարել մուշտակի գումարը:
Աստղիկ Վ.-ն, տեսնելով, որ Շուշանիկը չի կարողանում վճարել մուշտակի գումարը, առաջարկել Է իր հետ գնալ եւ զբաղվել մարմնավաճառությամբ եւ այդ կերպ մարել պարտքը: Նա Շուշանիկին նաեւ ասել է, որ իր կողմից մատուցվող սեռական ծառայության դիմաց վճարվելիք գումարի մի մասը վերցնելու է, որպեսզի այդկերպ մարվի վաճառված մուշտակի գումարը: Շուշանիկ Հ.-ն համաձայնել է եւ մեկ տարի շարունակ Աստղիկ Վ.-ի կանչերով եւ պայմանավորվածությամբ պարբերաբար Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներում իրեն անծանոթ տղամարդկանց հետ ունեցել Է սեռական հարաբերություններ:
Ամբաստանյալ Աստղիկ Վ.-ն ի սկզբանե առարկել է վկայի տված այս ցուցմունքների դեմ: Նա հայտնել, որ ճանաչում է համաքաղաքացի Շուշանիկ Հ.-ին որպես մարմնավաճառ: Ինքն էլ է զբաղվել մարմնավաճառությամբ: Մարմնավաճառության գնացել են ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին, երբեմն իր ծանոթ տղամարդկանց կանչով, երբեմն՝ Շուշանիկի: Իրենցից որեւէ մեկը մյուսի հաշվին նյութական օգուտ չի ստացել, յուրաքանչյուրին վճարել են եւ յուրաքանչյուրը ստացել է իր «աշխատանքի» գումարը: Ինքը երբեւէ Շուշանիկին չի ստիպել գնալ մարմնավաճառության իրենից գնած մուշտակի գումարի մի մասը ստանալու նախնական պայմանավորվածությամբ:
Նախաքննական մարմինը արժանահավատ է համարել վկայի ցուցմունքը եւ ոչ արժանահավատ ամբաստանյալի ցուցմունքը: Իսկ դատաքննության ընթացքում նույն վկան` Շուշանիկ Հ.-ն, բովանդակային առումով նախաքննական ցուցմունքներից էապես տարբերվող ցուցմունքներ է տվել, որով ամբողջովին հերքվել է Աստղիկ Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:
Քննելով գործը դատարանը վճռել է Աստղիկ Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել եւ հռչակել անմեղ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:





























