Ստեփանավանում 43-ամյա տղամարդու սպանության համար ձերբակալված երիտասարդին առաջիկա օրերին կկալանավորեն։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները։

Ոստիկաններն այժմ քննոթյունն են կատարում, սպանության պատմության մեջ  մի շարք մութ կետեր կան, մասնավորապես՝ ինչ հարաբերությունների մեջ են եղել նրանց եւ ինչից է ծագել վիճաբանությունը։

Մեր տեղեկություններով՝  24-ամյա Արեն Հարությունյանը ոստիկաններին պատմել է, թե 43-ամյա Արա Հախվերդյանը եկել է իր տուն, ցանկացել իրեն սպանել, իսկ արդյունքում ինքն է նրան սպանել։ Նա պնդել է, թե նախկինում չի ճանաչել մահացողին, որեւէ հարաբերություն չեն ունեցել։

24-ամյա երիտասարդը ամուսնացած չէ, երեխաներ չունի, բնակվում է հոր, մոր եւ երեք քույրերի հետ, նա չի աշխատում։ Իսկ մահացողը ամուսնացած է, ունի երկու անչափահաս  երեխա, նա չէր աշխատում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից հայտնել էին, որ ժամը 02.20-ին ահազանգ է ստացվել Ստեփանավանի Թելմանի փողոցի 48-րդ տան բնակիչ, 43-ամյա Արա Ռոմեի Հախվերդյանի սպանության մասին:

Այնուհետեւ լուսադեմին՝  ժամը 07.05-ի սահմաններում. բերման է ենթարկվել 24-ամյա Արեն Հրանտի Հարությունյանը:

Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը  00.10-ի սահմաններում, Ստեփանավանի Արեւելյան 6 շենքի 12 բնակարանում Արեն Հարությունյանը դանակով հարվածել եւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Ա Հախվերդյանին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: 24-ամյա երիտասարդը ձերբակալված է: