ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ ՄԻնասյանը անթույլատրելի է համարում «Ժառանգության» խմբակցության իր գործընկեր Զարուհի Փոստանջյանի վարքը: Հիշեցնենք, որ բացասական գնահատականը կապված է ԵԽԽՎ նիստի ժամանակ Փոստանջյանի՝ ՀՀ նախագահ Սեժ Սարգսյանին ուղղված հարցի հետ: Պատգամավորն իր կարծիքը հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք պետք է հարց տանք ինքներս մեզ եւ «ժառանգության» մեր գործընկերներին, թե ո՞ւմ ջրաղացին է ջուր լցվել: Ո՞ր պահին դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ այն պահին, երբ նախագահը հստակ պատասխանեց ադրբեջանական պատվիրակության ղեկավարին, որ եթե նրանք շարունակեն ագրեսիվ քաղաքականությունը, բողոքելու են ոչ թե «20 տոկոս» տարածքների համար, այլ՝25-30: Այդ պահին ադրբեջանական պատվիրակությունը պապանձվել էր: Իսկ մեր գործընկերը փորձեց դուրս բերել նրանց այդ վիճակից: Հարցն այն է, թե նա ում է ցանկացել դուր գալ: Դա անընդունելի է»,-ընդգծել է Մինասյանը: Նրա խոսքով՝ այժմ Փոստանջյանն ինքնահաստատման քայլեր է ձեռնարկում, հայտարարում է իրեն սպառնացող վտանգի մասին, դիմում է ոստիկանությանը: «Դա պարզապես շոու է»,-հյատարերլ է Մինասյանը:
Պատասխանելով որոշ պատգամավորների կողմից սպառնալիքների մասին հարցին՝ Մինասյանը կարծիք է հայտնել, որ որոշ դեպքերում չափազանց հուզական են եղել, սակայն սպառնալիքներ չեն եղել: «Նա այլ երգ է երգում»,-եզրափակել է Մինասյանը:





























