Նախագահի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ երկրի շահերից է բխում: Այս մասին հոկտեմբերի 17-ի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Ըստ նրա՝ հարցը ազգային անվտանգության խնդիրների հետ է կապված, որից կարեւոր ոչինչ չի կարող լինել: Մանավանդ որ՝ Հայաստանը «ոխերիմ բարեկամներով» է շրջապատված: Մկրտիչ Մինասյանը հույս է հայտնել, որ եվրոպացի պաշտոնյաներն ի վիճակի կլինեն հասկանալու, որ արեւմտյանից բացի կա արեւելյան քաղաքակրթություն եւ որ նրանք պետք է ընթանան համատեղության ճանապարհով, ոչ թե հակամարտության:
Միաժամանակ պատգամավորը կարծիք է հայտնել, որ Վիլնյուսի գագաթաժողովում, որին նախագահի գլխավորությամբ կմասնակցի հայկական պատվիրակությունը, որոշակի վերապահումներով կընդունվի փաստաթուղթ, որը թույլ կտա շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը:
Ազգային անվտանգության հարցերի համատեքստում պատգամավորը մատնանշել է ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, այլեւ հարեւաններին, որոնց հետ «դարավոր խնդիրներ ունենք»:
«Անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Այսինքն՝ համագործակցությունը ձեռնտու է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, որը շահեր ունի Հարավային եւ Հյուսիսային Կովկասում: Դա փոխշահավետ համագործակցություն է», - ընդգծել է Մինասյանը:
Տնտեսական բաղադրիչից խոսելով՝ պատգամավորը նշել է, որ ՄՄ մտնելը Հայաստանի թույլ կտա առավել ակտիվ օգտվել ռուսական շուկայից, որտեղ նաեւ ՄՄ անդամ այլ երկրներ կան: Ըստ նրա՝ դա հայկական շուկան առավել մրցունակ կդարձնի:





























