Եվրահանձնաժողովի ընդհանուր դրական գնահատականի վրա ազդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակված ժողովրդավարացման փաթեթը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
«Հոկտեմբերի 16-ին հրապարակվել է Եվրահանձնաժողովի թվով 16-րդ զեկույցը՝ կապված Թուրքիայում առաջընթացի հետ: Զեկույցի նպատակն է օգնել ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներին սեփական օրենսդրությունը համաձայնեցնել եւ համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին»,-ընդգծել է Տեր-Մաթեւոսյանը, հավելելով, որ թուրքական իշխանության կողմից առայժմ արձագանք չի եղել, ինչի պատճառն այս շաբաթ ընթացող ազգային տոնն է: Ի սկզբանե թուրքական իշխանությունները խնդրել էին տեղափոխել զեկույցի հրապարակման օրը, սակայն խնդրանքը մերժվել էր:
«Ինչպես նախկին զեկույցները, այս մեկը եւս պարունակում է թե գովեստ, թե քննադատություն»,-ասել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Անդրադառնալով հրապարակված ժողովրդավարացման փաթեթին, նա կարծիք է հայտնել, որ այն սեպտեմբերի 30-ին հրապարակելը պատահաբար չի եղել Էրդողանի կողմից, քանի որ դա Եվրախորհրդարանի վերջին հաշվետու օրն է: Տեր-Մաթեւոսյանը հավելել է, որ իրականում Էրդողանի քայլը հաջող էր, թեեւ զեկույցում նշվում է, որ փաթեթի իրագործման համար հարկավոր է լայն օրենսդրական բազա: Զեկույցում նշվում է նաեւ քրդերի հետ բանակցությունները՝ որպես մեծ առաջընթաց: Տեր-Մաթեւոսյանի խոսքով՝ կարեւոր հանգամանք է նաեւ նախագահ Աբդուլլահ Գյուլի անձն առանձնացնելը: Եվրահանձնաժողովի զեկույցը նաեւ բավականին շատ դրական գնահատականներ է պարունակում՝ կապված Թուրքիայում տնտեսական բարեփոխումների հետ:





























