ԱՄՆ-ի Սենատի լրացուցիչ ընտրություններին Նյու Ջերսի նահանգից հաղթել է դեմոկրատ Քորի Բուքերը: Ըստ նախնական տվյալների՝ նա հավաքել է 55% ձայն:
Բոքերի հիմնական մրցակից, հանրապետական Սթիվ Լոնեգանն ստացել է 44% ձայն: Դեմոկրատը կդառնա Նյու Ջերսի նահանգից առաջին սեւամորթ սենատորը: Նախքան ընտրվելը՝ Բուքերը եղել է Նյու Ջերսիի խոշոր քաղաք Նյուարքի քաղաքապետը:
Բուքերի հաղթանակը ամրապնդել է դեմոկրատների դիրքերը Կոնգրեսի վերին պալատում: Նրանք առանց այդ էլ Սենատում մեծամասնություն էին, իսկ նոր անդամի հայտնվելով դեմոկրատները կունենան 55 տեղ՝ հանրապետականների 45-ի դիմաց, հայտնում է lenta.ru-ն:
Նյու Ջերսիի սենատորի ընտրությունները անց են կացվել հոկտեմբերի 16-ին՝ այն օրը, երբ Կոնգրեսը վերջնական ընդունել էր օրինագիծ, որով վերջ էր դրել բյուջետային ճգնաժամին եւ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը:





























