Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին լիազորությունների տրամադրումը հակասահմանադրական է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Երբ Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը, Հ. Թովմասյանը ձայն խնդրեց եւ կատարեց հետեւյալ հայտարարությունը. «Թեպետ մեր դիտողություններից, առաջարկություններից հետո որոշակի վերախմբագրումներ են կատարվել, բայց ըստ էության հարցը չի լուծվում: Քողարկված ձեւով այնուամենայնիվ մնում է, որ այս ոլորտում քաղաքականություն իրականցնողն այս կոմիտեն է, ինչը ուղղակիորեն կհակասի Սահմանդրությանը, կոմիտեն քաղաքականություն չի կարող իրականացնել: Երկրորդը վերաբերում է լիազորություններին: Մենք ունենք Սահմանադրություն, մեր Սահմանադրության համաձայն պետական մարմնի լիազորություները կարող են սահմանվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պիտի հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը չունենք օրենքով, հիմքը չունենք, այսինքն՝ Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Մենք այս փուլում պիտի դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, լիազորություններն այդպիսին պետք է լինեն, որ օրենքով նոր կարգավորենք այս հարաբերությունները»;

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձեց ընդհատել արդարադատության նախարարին, սակայն նա միեւնույն է՝ շարունակեց իր հայտարարությունը: Տ. Սարգսյանի այն հարցին, թե կառավարությանն առընթեր մյուս կոմիտեների հետ է՞լ նման խնդիր կա, Հ. Թովմասյանը պատասխանեց, որ նրանց մի մասի լիազորությունները սահմանված են օրենքով (անշարժ գույքի կադաստր, Քաղավիացիայի գլխավոր վարչութուն), սակայն, օրինակ, ջրային կոմիտեն օրենքով ստացած լիազորություններ չունի: