41-ամյա  Արթուր Անդրեասյանը ներկայիս Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները օգտագործելով հափշտակություններ է կատարել: Կենտրոն  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմությունը շահարկելով հափշտակություններ է կատարել:

Նրանց անունն օգտագործելով, Արթուր Անդրեասյանն իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով, տարբեր քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Սույն հոդվածը պատժվում է 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 16-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: