ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստան է ժամանել արդեն առանց որեւէ գաղտնի փաստաթղթի եւ որեւէ գաղտնիք չի հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների ձեռքին: Այս մասին Սնոուդենը հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում:
Սնոուդենը հայտնել է, որ իր մոտ եղած բոլոր գաղտնի փաստաթղթերը Հոնգկոնգում փոխանցել է լրագրողներին: Նա հայտնել է, որ կարողացել է պաշտպանել գաղտնիքները նաեւ չինական հատուկ ծառայություններից, որովհետեւ աշխատելով ԱԱԳ-ում, լավ ուսումնասիրել է այդ երկրի հատուկ ծառայությունների հնարավորությունները: «Հավանականությունը, որ ռուսները կամ չինացիները ինչ-որ փաստաթղթեր են ստացել, հավասար է զրոյի»,-ասել է նա:
New York Times-ը գրում է, որ Սնոուդենի հետ հարցազրույցը տեւել է մի քանի օր, քանի որ այն անցկացվել է համացանցի կոդավորված կապի միջոցով:
Մասնավորապես, Սնոուդենը նշել է, թե ինչու օրինախախտումներ հայտնաբերելով ոչ թե բողոքել է իր ղեկավարությանը, այլ հայտնել է լրագրողներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա հայտարարել է, որ եթե ինքը բողոքեր ԱԱԳ-ի ղեկավարությանը, ապա դրանք հավերժ կթաղեին, իսկ իրեն «կվարկաբեկեին եւ կոչնչացնեին», քանի որ ինքը պետք է ապօրինությունների մասին հաղորդեր նրանց, որոնք այդ ապօրինությունները կատարել են: Սնոուդենը նշել է, որ իր քայլով ինքը ամրապնդել է ԱՄՆ ազգային անվտանգությունը՝ լայն հասարակական բանավեճ ստեղծելով հետախուզության աշխատանքի մեթոդների մասին: «Այդ ծրագրերի գաղտնի շարունակումն ավելի մեծ սպառնալիք է, քան դրանց բացահայտումը»,-ասել է նա:





























