Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով նամակով դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին  իր անվտանգությունը ապահովելու խնդրով:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Իր պատասխանում ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշել է հետեւյալը. ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը Ազգային ժողովի նախագահին իրավունք է վերապահում սահմանել ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք համահունչ են պետական պահպանության ծառայության ընդհանուր սկզբունքներին եւ կոչված են ապահովելու պահպանվող օբյեկտի անվտանգությունը: Ինչ վերաբերում է Ձեր անվտանգությունը ապահովելուն, ապա այն պետք է կազմակերպվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան եւ դրանցում նախատեսված կարգով, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը նախատեսում է հնարավորություն, որ Ազգային ժողովի պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից Ազգային ժողովում քննարկվող այս կամ այն հարցի կապակցությամբ կարող են ներկայացնել իրենց տեսակետը: Այդ տեսակետը արտահայտելը, ինչպես պատգամավորների, այնպես էլ այլ անձանց համար սահմանափակված է վիրավորանք, զրպարտություն եւ Սահմանադրությամբ նախատեսված այլ գործողություններ կատարելու արգելքով, որի դեպքում նախատեսված են իրավունքի պաշտպանության մեխանիզմներ»:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նամակում ասվում է. «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ:

Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների հաստատումը եւ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովումը), ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաեւ անխափան աշխատանքի հնարավորությունը:

Մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու եւ իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար:

Ինձ համեմատելով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ` նրանք ցույց են տալիս, որ իմ նկատմամբ ունեն նույն թշնամանքը ինչ եւ այդ ազգերի ներկայացուցիչների դեմ եւ համանման թշնամանք են փորձում հարուցել իմ նկատմամբ ուրիշների մոտ»,- ասվում է նամակում: