Ժամանակակից աշխատաշուկան բնութագրվում է լուրջ անհամամասնությամբ՝ ինչպես ծավայի, այնպես էլ կառուցվածքի առումով։  Պաշտոնական տվյալով՝ Հայաստանում կա մոտ  250 հազար գործազուրկ։ Բուհերը կամ նոր մասնագիտության յուրացման դասընթացներն ամեն տարի ավարտում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը համալրում են գործազուրկների բանակը։

Աշխատանք փնտրողները հաճախ են դիմում աշխատանքի տեղավորման գործակալությունների, այդ թվում՝ Զբաղվածության պետական ծառայության օգնությանը։ Շատերն էլ աշխատանք են փնտրում մասնագիտացված հրատարակչություններում։

Թերթերի հայտարարություններից դատելով՝ առավել հաճախ պահանջվում են մատուցողներ եւ վաճառողներ, բանվորներ (նշված կոնկրետ ուղղվածությամբ կամ պարզապես  «բանվորներ»), տաքսու վարորդներ, վարսավիրներ եւ մատնահարդարներ, խոհարարներ, դայակներ եւ խնամողներ։

Նշենք, որ խոշոր եւ միջին առեւտրային ընկերությունները եւ պետական կազմակերպությունները նման թերթերում թափուր հաստիքների մասին հայտարարություններ չեն տեղակայում։

Այդ իսկ պատճառով հայտարարություններում գրեթե չեն հանդիպում բարձրագույն կրթությամբ մասնագետների համար պաշտոններ՝ անգլերենի եւ համակարգչային հմտությունների պահանջով։

Առանձնապես պետք չէ ոգեւորվել բարձր աշխատավարձի մասին խոստումներից, երբ թեկնածուներից չի պահանջվում բարձրագույն կրթություն, անգլերենի եւ համակարգչային հմտությունների տիրապետում։ Դրանք հիմնականում միջազգային ցանցային մարքեթինգի ոլորտը ներկայացնող ընկերությունների հայտարարություններն են։ Այդ ոլորտում հաջողությունը կախված է արտադրող ընկերության ապրանքն իրացնելու ունակությունից։ Իսկ նման ունակություն ոչ բոլորն ունեն, ուստի շատերն անիմաստ գումար եւ ժամանակ են վատնում։

Մեզ հանդիպած հայտարարություններից մեկն ուներ հետեւյալ բովանդակությունը. «Պահանջվում է դերասանուհի՝ գեղարվեստական ֆիլմի նկարահանման համար։ Ցանկալի է՝ եվրոպական կամ կովկասյան արտաքինով, շիկահեր, կապուտաչյա կամ կանաչաչյա, գեղեցիկ արտաքինով, առանց բարդույթների։

Հայտարարությունում ոչ մի տվյալ չկար որեւէ կինոստուդիայի մասին, նշված էր միայն «գործատուի» անունը եւ հեռախոսահամարը։ Կարելի է ենթադրել, թե ինչ «գեղարվեստական ֆիլմի» մասին էր խոսքը։ Կային նաեւ առավել որոշակի հայտարարություններ՝ պահանջվում են արաբական պարերի  եւ ստրիպտիզ պարուհիներ...

Կան նաեւ իրական հայտարարություններ, սակայն ծանր պայմաններով. 70-90 հազար ամսական աշխատավարձով, առանց հանգստյան օրերի։

Կան նաեւ երջանիկ պատահականություններ, դրանք հիմնականում պահանջում են հաշվապահ, անվտանգության ծառայության աշխատակից, խոհարար, վարորդ եւ այլ մասնագետներ։

Այս հայտարարությունները մեր իրականության հայելային արտացոլանքն են։ Մեզ մեոտ հիմնականում զարգանում է սպասարկման ոլորտը՝ առեււտուր եւ հանրային սնունդ, բնակարանների  եւ ավտոմեքենաների վերանորոգում, տաքսի, վարսավիրանոց, զվարճանքի վայրեր...

Սմբատ Գրիգորյան