Երեւանի Հյուսիսային պողոտայում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, հոկտեմբերի 19-ին, կիրականացնի «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը: Այն կազմակերպվում է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող  «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն  ավագ դպրոցի աշակերտների  համար» ծրագրի շրջանակներում:

Տոնավաճառին կմասնակցեն եւ իրենց արտադրանքները սպառողներին կներկայացնեն հանրապետության ավելի քան 40 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երեւանից  եւ հանրապետության բոլոր մարզերից:

Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ  աշակերտները  հնարավորություն  են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողներին եւ ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները եւ գիտելիքները, որոնք  ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող եւ  ԱՄՆՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն  ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի  նպատակը   աշակերտներին  կայուն եւ հարուստ տնտեսագիտական գիտելիքներով ապահովելն է: Այն նպաստում է   աշակերտների ձեռնարկատիրական եւ գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես-պլան, թողարկում եւ վաճառում են ընկերության բաժնետոմսերը եւ կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը:   Այդ ընթացքում աշակերտները ծանոթանում են նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին:  Ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին եւ դառնում առավել ինքնավստահ:

Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: