ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լեւոն Վարդանյանը, նախարար Նալբանդյանը կարեւորել է Հայաստանի փոխգործակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության՝ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության հետ:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնել է ՀՕԿ մշտական աջակցության` մասնավորապես Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակում ստացված տարատեսակ տեխնիկական օժանդակության համար: Նա հավելել է, որ Հայաստանը հետաքրքրված է օդերեւութաբանության ոլորտում առաջավոր փորձի եւ գիտելիքների ներդրմամբ եւ այդ ուղղությամբ ակնկալում է ՀՕԿ-ի շարունակական օժանդակությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կազմակերպության ակտիվ անդամներից մեկը եւ մասնակցում է դրա շրջանակներում բոլոր ութ ուղղություններով իրականացվող համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը հաջողությամբ համատեղել է օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի ոլորտները, ինչպես նաեւ կարեւորել է, որ Հայաստանում բուհական մակարդակով դասավանդվում է հիդրոօդերեւութաբանություն առարկան: