Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին շարունակում է բարկանալ Ռուսաստանում ադրբեջանցիների իրավունքների ոտնահարումից ու կոչ է անում ադեկվատ միջոցառումներ ձեռնարկել:
Չբավարարվելով վերջերս արված հայտարարությամբ, որով ՂԱԱ-ն կոչ է արել ադեկվատ միջոցներ ձեռնարկել, այն է՝ ռուսական ջարդեր սկսել, այդ կառույցի առաջնորդը եւս մեկ անգամ հնչեցրել է նույն կոչերը: «Ադրբեջանում ռուսների հանդեպ կարող են նմանատիպ քայլեր ձեռնարկվել, որոնք կիրառում են Ռուսաստանում ադրբեջանցիների դեմ»,- Turan գործակալությանը հայտնել է Ակիֆ Նաղին՝ մեկնաբանելով իր կազմակերպության հայտարարությունը: ՂԱԱ-ն կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին վերջ դնել այս անօրինական գործողություններին, հակառակ դեպքում դրանք բումերինգի ազդեցություն կհարուցեն:
Հիշեցնենք, որ իր հակաիրավական գործողությունների համար Ակիֆ Նաղին ու նրա կողմից ղեկավարվող կազմակերպության անդամները բազմիցս պատասխանատվության են ենթարկվել:
Ակիֆի «զայրույթը» պայմանավորված է Մոսկվայում ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ձերբակալման հետ, որին մեղադրում են տեղացի Եգոր Շչերբակովի սպանության մեջ: Տեղի ազգայնականները մթերային բազայում , որտեղ առեւտրով են զբաղվում ներգաղթյալները, ջարդեր են կազմակերպել: Անկարգությունների ընթացքում ձերբակալել են 400 մարդու, իսկ մթերային բազան փակել են:





























