Միխայիլ Սահակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին ու Զուրաբ Ադեիշվիլին նվազագույնը թաքցրել են Զուրաբ Ժվանիայի մարդասպաններին: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը հայտնել է Զուրաբ Ժվանիայի եղբայրը՝ Գեորգին:
Նրա խոսքով ինքը սուբյեկտիվ է այդ հարցում, սակայն կարծում է, որ այս գործում Միխայիլ Սահակաշվիլու պատասխանատվությունը միանշանակ է, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», Ժվանիան հայտարարել է, որ «արդյոք դա քաղաքական սպանություն էր, թե այլ դրդապատճառներով կազմակերպված սպանություն, պարզ կդառնա մոտակա ամիսներին»: Ժվանիայի եղբայրը նշել է, որ «գործում նոր ապացույցներ ու հանգամանքներ են հայտնվել, որոնց մասին նախկինում հայտնի չէր»:
Հիշեցնենք, որ նոր ապացույցների առկայության մասին նախկինում հաստատել էր նաեւ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին: Նա հաղորդել էր, որ հարցաքննել են ոմն քաղաքացուհու, ով Ժվանիայի ու Յուսուպովի սպանության գիշերը տեսել է այն տունը, որտեղից հայտնաբերել են նրանց մարմինները, երկու դի են բերել: Հաղորդում են, որ հնարավոր է Ժվանիայի ու Յուսուպովի մարմինները դուրս հանեն գերեզմանից հետազոտման համար:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով Ժվանյայի մահվան կրկնակի հետաքննությունը, նախօրեին հայտարարել է, որ համոզված է, տեղի է ունեցել դժբախտ պատահար: «Ժվանիան իմ մոտ ընկերն էր, եւ բոլորը գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Տեղի է ունեցել դժբախտ պատահար: ՀԴԲ կողմից անցկացվել է մանրամասն եզրակացությունը: Ինձ համար Զուրաբի անունը սուրբ է»,- հայտարարել է նա:
Մեկնաբանելով Սահակաշվիլու տվյալ հայտարարությունը՝ Գերոգի Ժվանիան մեղադրել է Սահակաշվիլուն իր եղբոր հիշատակի ոտնահարման մեջ ու նշել է, որ «Սահակաշվիլին ստիպված կլինի պատասխանել Զուրաբ Ժվանիայի սպանության մասին դժվար հարցերին»,- հաղորդում է Գրուզիա Online-ը:





























